Մաքսային տեսուչի նկատմամբ խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտպանի բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումն առ այն, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3 մլն դրամ գրավը պետք է դարձնել պետության եկամուտ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
«2020 թվականին Ար.Մ.-ն, զբաղեցնելով ՊԵԿ «Հյուսիսային մաքսատուն» վարչության «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտոնը, իր հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ի և նույն հերթափոխի պետ Դ.Հ.-ի հետ, մաքսային ստուգման չի ենթարկել մաքսակետ մուտք գործած բեռնատարը և չի արձանագրել 22 մլն 272 հազար 895 դրամ արժեքով չհայտարարգրված ապրանքների առկայությունը:
Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված, մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված քրեական գործով (վարույթով) պարզվել է, որ «Բավրայի» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ն, տեղյակ լինելով, որ 2020 թվականի հունվարի 25-ին տուրիստական կազմակերպության համասեփականատեր Ե.Ք.-ն հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ին առաջարկել է 1 մլն 723 հազար 932 դրամին համարժեք 3600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց բաց թողնել Վրաստանից տեղափոխվող 4540 կիլոգրամ ուղեբեռը, ընդունել է առաջարկը: Այնուհետև, հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ն Երևանում մաս-մաս ստացել է կաշառքի գումարից 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 717 հազար դրամը և 478 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը:
«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ին, հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ին և հերթափոխի պետ Դ.Հ.-ին 2020 թվականի սեպտեմբերի 15-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 մլն դրամ գրավը: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ար.Մ.-ն կատարել է նոր հանցանքներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (կաշառքի միջնորդություն), որի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերոգրյալի հիման վրա դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3 մլն դրամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին, և 2023 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է:
Ըստ աղբյուրի՝ նշված դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: