Բաժիններ՝

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարտ ամսին ունեցել է 1419 ծավալված միջուկային մարտալիցք

Վաշինգտոնը մարտի 1-ի դրությամբ ունեցել է 1 419 ծավալված միջուկային մարտալիցք: Այս տվյալները բերված են մայիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության կողմից հրապարակված տեղեկատու նյութերում: Դրանք բովանդակում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍՊ, ԱՄՆ-ում հայտնի է՝ որպես նոր ՌՀՍՊ) կատարման ամբողջական ցուցանիշները:

Փաստաթղթին համապատասխան՝ այժմ ԱՄՆ-ի սպառազինությունում կա միջուկային մարտալիցքերի` օպերատիվորեն ծավալված 662 կրիչ: Դրանց թվում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ՄԲՀ), ծանր ռմբակոծիչներ (ԾՌ) և սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռներ (ՍԲՀ): Բացի դրանից, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ՄԲՀ-ների, ՍԲՀ-ների և ԾՌ-ների ծավալված և չծավալված արձակման կայանքների թիվը հասնում է 800-ի:

Ինչպես ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, «չնայած նոր ՌՀՍՊ-ին Ռուսաստանի մասնակցության ենթադրյալ դադարեցմանը, Միացյալ Նահանգները հոժարակամորեն հրապարակել է ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակի ընդհանուր ցուցանիշները»: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն միջուկային զենքին վերաբերող հարցերում թափանցիկությունը «համարում է չափազանց կարևոր` սխալ ընկալման, սխալ հաշվարկների և սպառազինությունների թանկ մրցավազքի հավանականությունը նվազեցնելու համար»: Պետքարտուղարությունում նշել են, որ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում «վերադառնալ նոր ՌՀՍՊ-ին և դրանով նախատեսված կայունության, թափանցիկության և ստուգման բոլոր միջոցների լիարժեք կատարմանը»։

Ամերիկյան կողմի վարկածով՝ Ռուսաստանի Դաշնությունը «չի կատարել 2023 թվականի մարտին թարմացված տվյալներ տրամադրելու իր պարտավորությունները և չի կատարում ՌՀՍՊ-ի մյուս հանգուցային դրույթները։ Հայտարարության մեջ ասվում է, որ որպես «օրինաչափ պատասխան միջոց», Միացյալ Նահանգները «մարտին Ռուսաստանին չի տրամադրել թարմացված տվյալները»։ Պետքարտուղարությունում հավաստիացրել են, որ այժմ վերոհիշյալ տվյալները հրապարակվել են «թափանցիկության նպատակով և միջուկային ոլորտին պատասխանատու մոտեցմանն ԱՄՆ-ի հանձնառության պատճառով»։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը ՌՀՍՊ-ին, բայց դուրս չի գալիս դրանից։ Նա ընդգծել է, որ մինչև պայմանագրի շրջանակներում աշխատանքը շարունակելու հարցի քննարկմանը վերադառնալը, ռուսական կողմը պետք է հասկանա, թե ինչպես են այնտեղ հաշվի առնվելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի մյուս միջուկային տերությունների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինանոցները:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրն ստորագրել են 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրն իր ռազմավարական հարձակողական սպառազինությունները կրճատում է այնպես, որպեսզի փաստաթղթի ուժի մեջ մտնելուց յոթ տարի անց և հետագայում դրանց ընդհանուր թիվը չգերազանցի 700 ծավալված ՄԲՀ-ները, ՍԲՀ-ները և ԾՌ-ները, դրանց համար 1 550 մարտալիցքերը, ՄԲՀ-ների, ՍԲՀ-ների և ԾՌ-ների 800 ծավալված և չծավալված արձակման կայանքները։

Պայմանագրի գործողությունը, որը նախատեսված էր 10 տարվա համար, լրացել է 2021 թվականի փետրվարի 5-ին, սակայն փաստաթուղթը նախատեսում է երկարաձգման հնարավորություն երկուստեք համաձայնությամբ։ 2021 թվականի փետրվարին Մոսկվան և Վաշինգտոնը երկարաձգել են պայմանագիրը հնարավոր առավելագույն հինգ տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս