ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը, որը հանդես է գալիս հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման նպատակով։ Այդ մասին այսօր հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ կայացած բանակցություններից հետո։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որոնց հետ ես կապ եմ պահպանում, համաձայնել են ընդունել աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների պատվիրակությանը Մոսկվայում և Կիևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Աֆրիկյան միության ղեկավարությունը տեղեկացված են այս նախաձեռնության մասին», – Ռամաֆոսայի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Ռամաֆոսան հայտնել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նախաձեռնությամբ հանդես եկող երկրների խումբը ներառում է Եգիպտոսը, Զամբիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Ուգանդան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Նա չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում իրականացնել այդ առաքելությունը։
«Աֆրիկան անհանգստացած է Ուկրաինայի ճգնաժամից, որն ուղղակիորեն բացասաբար է ազդում աֆրիկյան երկրների վրա՝ առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների բարձրացում», – ասել է Ռամաֆոսան: – Աֆրիկայի երկրների ղեկավարների խումբը կարծում է, որ Աֆրիկան պետք է հանդես գա հաշտության նախաձեռնությամբ, որը կնպաստի Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի լուծմանը»:
Մայիսի 14-ին Ռամաֆոսան հայտարարել էր, որ մայիսի 12-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս տեղեկացրել է հրադադարի վերաբերյալ աֆրիկյան ղեկավարների առաջարկության մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո Պուտինը հավանություն է տվել Ռամաֆոսայի հայտնած գաղափարին`ուկրաինական խնդրի կարգավորման քննարկմանն աֆրիկյան ղեկավարների մասնակցության մասին։
Ինչպես հաղորդել է SABC ռադիոկայանը, անցած շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռամաֆոսայի և Զելենսկիի միջև: