Տարակուսելի է ՀՀ իշխանությունների ձգտումը ՀԱՊԿ արդյունավետությունը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս՝ հրապարակային ձևաչափով. Զախարովա
Ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի առջև ստանձնած իր պարտավորությունները:
Մարիա Զախարովան նշեց, որ պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը ապակառուցողական է, որի մասին բազմիցս նշել են: «Անկեղծ ասած, տարակուսելի է ՀՀ իշխանությունների ձգտումը ՀԱՊԿ արդյունավետությունը քննարկել կազմակերպությունից դուրս, երբ ՀԱՊԿ-ում դրա համար կան անհրաժեշտ բոլոր ձևաչափերը, համագործակցության համապատասխան խողովակները և գլխավորը՝ կազմակերպության անդամ երկրներ, որոնք կարող են ոչ միայն այդ ամենը լսել, այլև պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ:
Մենք ֆիքսել ենք նաև մայիսի 4-ին Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ դիտորդներին տրված գնահատականները: ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներին հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ չի տալիս անվտանգության երաշխիքներ և կարող է նաև մարտահրավերներ ստեղծել: Անկեղծ ասած, հարց է առաջանում՝ գուցե գերագնահատված ակնկալիքները ԵՄ-ից ու ՀԱՊԿ-ից հաշվի չե՞ն առնում իրողությունները:
Այնուամենայնիվ, մենք մեր հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր ՀՀ տարածքում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ուղղությամբ »,-ասաց Զախարովան, վերահաստատելով՝ ռուսական կողմը այդ աշխատանքին պատրաստ է, որի մասին Երևանում լավատեղյակ են: