Մոսկվան համարում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ Երևան-Բաքու հետագա աշխատանքը պետք է շարունակվի երկկողմ ձևաչափով. Զախարովա

Պաշտոնական Մոսկվան վերահաստատում է՝ առաջարկել է Մոսկվայի հարթակը Երևան-Բաքու բանակցային հերթական ռաունդի համար:

Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մայիսի 1-ից Վաշինգտոնում տեղի ունեցած Երևան-Բաքու քառօրյա բանակցություններին, ինչպես նաև Մոսկվայի դերակատարությանը:

Մարիա Զախարովան ասաց, որ Բլինքենի հայտարարությունները իբրև թե Վաշինգտոնի բանակցություններում էական առաջընթացի մասին հակասում են այն մեկնաբանություններին, որոնք հնչում են ադրբեջանական ու հայկական կողմերից:

«Ի թիվս Խաղաղության համաձայնագրի մի շարք հոդվածների ուղղությամբ առաջընթացի, նշվեցին նաև պահպանվող տարաձայնությունները այդ փաստաթղթի մի շարք առանցքային կետերի մասով: Մենք ելնում ենք նրանից, որ հետագա աշխատանքը այս համաձայնագրի շուրջ կշարունակվի Բաքվի և Երևանի միջև երկկողմ ձևաչափով, մեր դերը տեսնում ենք այս գործընթացին աջակցողի տեսքով: Ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը բանակցությունների հերթական ռաունդի համար: Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում կայուն, ամուր խաղաղության հաստատումն է»,-ասաց Զախարովան, զուգահեռաբար կարևորելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս