Բաժիններ՝

Պակիստանի նախկին վարչապետը կանգնել է դատարանի առաջ. նրա ձերբակալությունը զանգվածային ցույցերի առիթ է դարձել

Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության ղեկավար Իմրան Խանն Իսլամաբադում դատարանի առաջ է կանգնել՝ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետ: Մայիսի 9-ին կիսառազմական ուժերն Իմրան Խանին ձերբակալել էին դատարանի դահլիճից: Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը:

Դատախազությունը պահանջել է 14 օրով կալանքի ենթարկել նախկին վարչապետին, սակայն նրա փաստաբանները դեմ են դրան: Դատական լսումները ժամանակավորապես հետաձգվել են:

Իմրան Խանի ձերբակալությունը Պակիստանում զանգվածային ցույցերի առիթ է դարձել, որոնց ընթացքում առնվազն 2 մարդ է մահացել:

Երկրի Ներքին գործերի նախարարության խնդրանքով Փունջաբի նահանգում կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել են զինվորականներ: Երեկվանից սկսված ցույցերի ընթացքում Փունջաբում գրեթե 1000 մարդ է ձերբակալվել:

Կարաչի քաղաքում գիշերը ցուցարարները մեքենաներ են այրել:

BBC-ն հաղորդում է, որ Ներքին գործերի նախարարության հրահանգով ամբողջ երկրում անհասանելի են շարժական ինտերնետի ծառայությունները: Դպրոցները փակ են մնում, որոշ մայրուղիներն արգելափակվել են:

Իմրան Խանի աջակիցները ցույցերի են դուրս եկել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս