Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն. Բրիտանիան կհետևի նրանց օրինակին
Ֆրանսիայի ազգային ժողովը մայիսի 9-ին կողմ է քվեարկել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
Բանաձևով նաև Եվրոպական Միությանը կոչ է արվում «Վագներ»-ը դասել ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
ԵՄ-ն արդեն մի շարք պատժամիջոցներ է սահմանել «Վագներ»-ի դեմ: 2022 թ.-ի ապրիլին ԵՄ-ն մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, իսկ այս տարվա ապրիլին «Վագներ»-ն ավելացվել է պատժամիջոցների ենթարկված խմբերի ցուցակում՝ «կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում ակտիվ մասնակցության հետ»:
«Վագներ»-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելը նշանակում է, որ ընկերության հետ կապ ունեցող ցանկացած անձ կարող է հետապնդման ենթարկվել ահաբեկչության մեղադրանքներով:
Մեծ Բրիտանիան նույնպես «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պաշտոնապես կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Ըստ Times պարբերականի՝ դրա նպատակն է ավելացնել Ռուսաստանի վրա ճնշումը: Ըստ Բրիտանիայի խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրի՝ այս որոշումն ընդունվել է նման քայլի իրավական հիմնավորման վրա երկու ամիս աշխատելուց հետո. կազմակերպությանն այդ ցանկում ներառելն «անխուսափելի է» և կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում:
Times-ը նշում է, որ «Վագներ»-ին անդամակցությունը, դրա ժողովներին մասնակցությունը, ընկերության խորհրդանիշները կրելը և ցանկացած աջակցություն Բրիտանիայում կհամարվի քրեական հանցագործություն: «Վագներ»-ը նաև ֆինանսական պատժամիջոցների կենթարկվի, և ընկերությունը չի կարողանա գումար ստանալ բրիտանական բանկերի միջոցով: