Միրզոյանական 10-րդ մրցույթին կմասնակցի 15 պատանի կոմպոզիտոր
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթին, որը մեկնարկելու է մայիսի 10-ին, կմասնակցի տասնհինգ հայազգի պատանի կոմպոզիտոր:
Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ Ավետիսյանը, Վիլյամ Չիլինգարյանը, Արտաշես Մոսինյանը, Հայկ Ջուլհակյանը, Արմեն Շահվերդյանը, Շավարշ Սիրեկանյանը, իսկ ավագ խմբում՝ Սյուզաննա Աղամալյանը, Արաքս Ասճյանը, Արման Աֆրիկյանը, Արսեն Գարսոյանը, Ալեքս Գևորգյանը, Էրիկա Մարկոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էդգար Մխիթարյանը, Վիկտորիա Ուլիխանյանը:
Առաջին փուլը (մայիսի 10, ժ. 17:00, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) կկայանա Երևանում, իսկ երկրորդ փուլը (մայիսի 12, ժ. 17:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ) և գալա համերգը (մայիսի 13, ժ. 18:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ)՝ Դիլիջանում: Մշակութային-պատանեկան մրցույթների պատմության մեջ եզակի դեպք է, որ նախագիծն իրականանում է երկու քաղաքներում։
Պատանի կոմպոզիտորները հանգրվանելու են Էդվարդ Միրզոյանի անունը կրող Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, ինչը կնպաստի ինչպես տոնական մթնոլորտի ձևավորման, այնպես էլ կստեղծի հիանալի հնարավորություն մի քանի օր շարունակ միասին անցկացնելու հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող կառույցում։ Գալա համերգն իր տեսակով տարբերվող կլինի:
Բացի մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցներից, ելույթ կունենան նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Միրզոյանական առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը: Մուտքն ազատ է:
Մրցույթն իրականացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: