Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են կրթության բնագավառում համագործակցության հեռանկարները

Կրության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարին հանդիպման համար՝ կարևորելով հայ-բրիտանական երկկողմ կապերի զագացումը կրթության ոլորտում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում մեկնարկած լայնածավալ փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության բոլոր աստիճաններն ընդգրկող բարեփոխումների շղթայում առավել դինամիկ են հանրակրթության փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ ՀՀ դպրոցներում առաջիկա ուսումնական տարվանից ներդրվելու է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը մեծ պատասխանատվություն և հավելյալ ջանքեր է պահանջում։

«Բարեփոխումների գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Այս համատեքստում քննարկվել է երկկողմ համագործակցության հնարավորությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման, կրթության տեսչության՝ որպես վերահսկող մարմնի գործունեության բարելավման, ինչպես նաև գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաև արտադպրոցական ծրագրերի զարգացմանը՝ կարևորելով համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031