
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի սահմանը հատած Բաբիրովի դատավճռին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ պետական սահմանը հատած զինծառայողների գործերին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է» (չակերտները Tert-am-ի) ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ «Հայաստանում կազմակերպված դատավարությունը, ինչպես նաև այն դատավճիռը, որի հիման վրա Բաբիրովը դատապարտվել է ազատազրկման» (չակերտները Tert-am-ի)։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ «Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իր պատասխանատվությունն ու շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ» ։
Բաքուն նաև միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանցի զինվորներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատարանի՝ մայիսի 4-ի դատավճռով Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով:
Նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաեւ սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու մեջ։ Մեկ այլ ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, և նրա գործով հետաքննությունը շարունակվում է։