
Վարդենիս համայնքի 1526 տնտեսությունների կատարված աշնանացանի համար կտրվի 520 միլիոն 990 հազար դրամի սուբսիդիա

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 1526 տնտեսությունների 2022 թվականին կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրամադրվի 520 միլիոն 990 հազար դրամի սուբսիդիա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Վարդենիս համայնքում ցանվել է 6567 հեկտար աշնանացան, որից 1226 հեկտարը՝ հավաստագրված և 5341 հեկտարը՝ չհավաստագրված սերմացուով։
Հավաստագրված սերմացումով կատարված ցանքերի դիմաց շահառուներին տրվող սուբսիդիան կազմում է 147 միլիոն 120 հազար դրամ, չհավաստագրաված սերմացուով ցանքերի դիմաց տրվող սուբսիդիան՝ 373 միլիոն 870 հազար դրամ։
«Վարդենիս համայնքի աշնանացան ցանքերում մոնիթորինգն անցկացվել է ապրիլ ամսի ընթացքում, օրենքով սահմանված կարգով, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և Վարդենիսի համայնքապետարանի գյուղատնտեսության վարչության հանձնաժողովների կողմից։ Մեր համայնքում աշնանացան արտերը հաջող են ձմեռել և կենսունակ են՝ հետագա աճի և զարգացման համար։ Պետության կողմից տրամադրվող սուբսիդիան ավելի կշահագրգռի տնտեսություններին՝ այս տարի ևս աշնանացանի ցանքերի մակերեսները զգալիորեն ավելացնելու համար»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Խոսրով Խլղաթյան