Իրանը կվերականգնի սիրիական օդանավակայանները

Իրանի և Սիրիայի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունները համաձայնագիր են կնքել, որի շրջանակում Իսլամական Հանրապետությունը կվերականգնի Սիրիայի օդանավակայանները։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշին:

«Համաձայնություն է ձեռք բերվել չափորոշիչներին, ուսումնական և վերանորոգման կենտրոններին, ինչպես նաև ավիացիոն ծառայությունների մատուցման կենտրոններին վերաբերող հարցերի շուրջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Սիրիայի օդանավակայանները, այդ թվում՝ Դամասկոսի օդանավակայանը վերականգնելու և համատեղ աշխատանքային խմբի օգնությամբ սարքավորումներ տեղադրելու պատրաստակամության մասին: Համաձայնագիր է կնքվել նաև ավիացիայի ոլորտում սիրիացի մասնագետների վերապատրաստման հարցով», – նշված է հաղորդագրության մեջ։

Մոհամմադիբախշը նշել է, որ «ուխտավորների ու գործարարների համար չվերթների թվի ավելացմամբ Իրանի և Սիրիայի հարաբերություններում կարող է նոր գլուխ սկսվել»։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստվում է յուրաքանչյուր տարի 50 հազար ուխտավորի Սիրիա ուղարկել, ինչի կապակցությամբ կողմերը քննարկել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ավիափոխադրողների ընտրությունը չվերթների իրականացման համար, ինչպես նաև չվերթների քանակը, չվացուցակը և այն քաղաքները, որտեղ դրանք իրականացվելու են: Նրա խոսքով՝ չվերթների թվի ավելացումը կսկսվի հունիսի 5-ից։

Տեսանյութեր

Լրահոս