
«Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից». Վահագն Խաչատուրյանը Չարլզ Երրորդին հրավիրել է Հայաստան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ:
«Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին:
Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները:
Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ այցելելու Հայաստան։
Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ»,- ասվում է ուղերձում: