3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է. News.am
Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկած եւ արդեն 3 տարուց ավելի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Մուրացանի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբոր մոտ ներքին օրգաների հետ խնդիր կա, նաեւ ներքին արյունահոսություն է առաջացել:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ԱԺ-ում օրերս արված հայտարարությանը ասաց, որ թող գործը վերաբացեն եւ նորից քննեն. «4 հոգի իրեն տեսել են, ոնց կարող է ասել, որ սուտ է, եթե կարող է՝ թող ապացուցի, որ սուտ է: Փաստորեն դուրս է գալիս, որ 4 զինվորականներին միայն Հարությունն է խփել, նրանք էլ կանգնած նայել են՝ ոնց են ծեծում իրենց: Ըստ իրենց՝ իրենք ճիշտ են, մենք սխալ, երեւի մեզ պետք է դատեն սուտ մատնության համար»:
Նշենք, որ օրերս ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը Ազգային ժողովում բողոքել էր գլխավոր դատախազին, որ փոխգնդապետի ծեծի գործով իր նկատմամբ «սուտ մատնություն» է իրականացվել:
Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։