Պատմության ավարտը, կամ` ինչո՞ւ է նիկոլիզմը տառապում շիզոֆրենիայով
Ամոթի զգացումի և կարեկցանքի բացակայությունը հատուկ է շիզոֆրենիայով տառապողներին։ Վերջիններիս է հատուկ նաև սեփական ինքնության բացակայությունը, այսինքն` իրենք չեն կարող լինել հայ, կամ ընդհանրապես ունենալ ազգություն։ Նրանք գլոբալիզմի ծնունդ են, այսինքն` գլոբալիզմը իր ձևի մեջ շիզոֆրենիայի օրինականացումն է, կամ դրա, այսպես ասած, նորմալացումը։ Այն ներկայացվում է որպես նոր համամարդկային արժեք, վերազգային արժեաբանությունից, մի բան, որը կջնջի բոլոր սահմանները, ազգային պետություն հասկացողությունը, կհաստատի համաշխարհային քաղաքացի համակարգը, և այլն։
Ամերիկացի հայտնի գիտնական Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը» աշխատությունը հենց գլոբալիզմի փառաբանման և ազգային, էթնիկ հասկացությունների վերացման, դրա բնաջնջման մասին է։ Երբ ամբողջ համաշխարհային պատմությունը թելադրվելու է մի կենտրոնից, մի սկզբունքով, զերծ էթնիկ, ազգային գունավորումից՝ միաձև ու միատոն։ Ջնջվելու են պատմական սահմանները, ազգեր, մշակույթ, կրոն հասկացողությունները։ Այսօր արդեն իսկ Արևմուտքում փորձում են ջնջել սեռական տարբերություն հասկացությունը` հավասարապես էթնիկ-մշակութային հասկացությունների հետ միաժամանակ։ Մարդկանց ներշնչելով, որ այդ ամենը ձեռքբերովի է, և ցանկացած պահի ինքդ քեզ համար կարող ես որոշել` ո՞վ ես՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ, մա՞րդ ես, թե՞ անասուն, սևամո՞րթ ես, թե՞ սպիտակամորթ, քրիստոնյա՞ ես, թե՞ մահմեդական…
Այսինքն` այս ամենը, ըստ այդ գաղափարախոսության, ընդամենը պատահական ու պայմանական բաժանումներ են, վերացրու դրանք և դու կդառնաս գերմարդ, զերծ` ամեն տեսակի կապանքներից՝ պատմական, էթնիկ կրոնական, սեռական, և այլն։ Այսպես կոչված` կարծրատիպերի վերացումը հանգեցնում է ավանդական կենսակերպի վերացմանը՝ հարգանք մեծերի հանդեպ, պարտականություններ զավակների առաջ, ընտանեկան արժեքներ, և այլն, այս ամենը հռչակվում են որպես կեղծ արժեքներ և ընդամենը բարոյական հետամնացություն։
Ընդհանրապես բարոյականությունը, առավել ևս դրա քրիստոնեական ընկալումը, ըստ նույն գաղափարախոսության, համարվում է մարդկանց կապկպող, կարծրատիպեր ստեղծող հնոտաբանություն։
Ազատվեք ամեն տեսակի բարոյական կարծրատիպերից և ապրեք ազատ. կոչ են անում սպառողական հասարակարգի հետևորդները, ինչը և արդի գլոբալիզմի հիմնական շարժիչ ուժն է։
«Պատմության ավարտը» ազգերին ստրկացնելու մասին է, այսինքն` ուզո՞ւմ եք առանց խնդիրների զավթել պետություններ՝ ներսից, առանց ներխուժման և պատերազմների, ուրեմն նախ և առաջ ներշնչեք այդ հասարակություններին, որ իրենց անցյալի ողջ պատմությունը կեղծ է եղել ու սխալ։ Զրկեք հասարակություններին, մարդկանց ազգային-պատմական-մշակութային առանձնահատկություններից, համոզեք, որ նրանց պրոբլեմները հենց դրանում են՝ իր ազգային ինքնության առանձնահատկությունների մեջ, համոզեք հրաժարվել դրանից և նրանք կդառնան ձեր ստրուկները։
Մարդուն դժվար է ներշնչել թերարժեքության բարդույթ, սակայն ամբոխին շատ հեշտ է համոզել, որ այն ամենը, ինչ ունեցել ես մինչ օրս` սխալ է, կգան նորերը և ձեզ կբացատրեն, թե ինչն է ճիշտը, և ինչը`ինչից հետո է… Այդպիսով, իր պատմությունը չիմացող և դրա նկատմամբ կասկածամտությամբ տառապող ժողովուրդը վերածվում է ամբոխի ու դառնում հեշտ կառավարելի։
Իրական հերոսների փոխարեն ներշնչեք, տվեք նրանց կեղծ հերոսների՝ դավաճաններին ու վախկոտներին հերոս կարգեք, զրկեք նրան ամենակարևորից` իր իսկ պատմությունից ու ձեր առջև կհառնի ինքն իրեն ոչնչացնող մի ողջ ազգ։ Ավելին, այդ ամենից հետո առանձնապես ոչինչ պետք չէ անել, պետք է պարզապես նստել և «հաճույք» ստանալ` տեսնելով, թե ինչպես են ազգերը իրենք իրենց ոչնչացնում` Արևմտյան սպառողական մշակույթի մասը դառնալու ձգտման մեջ։
Ցանկացած ազգի պատմությունը, առավել ևս պատմական հսկայական և խոր անցյալ ունեցող ազգի պատմությունը, գլոբալիզմի թիվ մեկ թշնամին է։ Ոչնչացրեք այդ պատմությունը կամ ներշնչեք, որ այն սխալ է եղել, և դուք հեշտությամբ կկառավարեք ցանկացած ազգի ու էթնիկ պետության։
ՀՀ ներկա իշխանությունները շիզոֆրենիայի ծնունդ են, այսինքն` իրենք գլոբալիզմի ծնունդ են, որը չի ճանաչում ազգային, էթնիկ և ոչ մի առանձնահատկություն։ Նրանց մարտնչող տգիտությունն ու անգրագետ կամ կիսագրագետ լինելու հանգմանքը էլ աելի են նպաստում շիզոֆրենիայի և գլոբալիստական ներմուծված այդ քայքայիչ աղանդ-գաղափարախոսության տարածմանը: Նրանց համար ազգային ինքնությունը, այսինքն` Հայ լինելը կեղծ հասկացողություն է, նրանք գլոբալիզմ կոչվող աղանդի հետևորդներ են, որի առաջին օբյեկտիվ ընկալումը և պարտադիր պայմանը հակազգային լինելն է։
Ահա, այդ աղանդը թելադրում է` ատել այն ամենը, ինչը շեշտում է քո ազգային-էթնիկ առանձնահատկությունը, քո մշակույթը և քո կրոնական տարբերությունը մյուսներից։ Եվ պատահական չէ, որ այս առումով նրանց ատելության առաջնային թիրախ է Հայ ժողովրդի պատմությունը, ինչը շեշտում է նրա առանձնահատկությունը, կապում նրան մայր հողին ու ներշնչում Հայրենիք հասկացողությունը։
Սակայն հայի պատմական էթնոտիպում անկյունաքարային նշանակություն ունի պատկանելիությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցուն։ Այն քրիստոնեական մյուս եկեղեցիներից տարբերվում է իր հայկականությամբ, ընդգծված էթնիկ-ազգային առանձնահատկությամբ։ Հատևաբար պատահական չէ, որ շիզոֆրենիայով տառապող գլոբալիստների ատելության առաջնային թիրախը հենց հայոց եկեղեցին է։
Վերջին հարյուրամյակում ընդհանրապես, իսկ վերջին 30 տարիների ընթացքում հատկապես Հայ եկեղեցին հարձակումների, վարկաբեկման թիրախ է դարձել։ Մեզ փորձում են ներշնչել, որ պատմական մեր բոլոր խնդիրների պատճառների մեղավորը Եկեղեցին է, կոչ են անում` ազատվեք եկեղեցական կապանքներից և ազատ ապրեք: Դա են ներշնչում մեզ մեր արևմտյան գործընկերները։ Եկեղեցու դեմ հարձակման հիմնական նպատակը հայության ինքնության կարևորագույն հիմնաքարի ոչնչացումն է։
Վարկաբեկեք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին և կկարողանաք լիովին ոչնչացնել մի ողջ ազգ։ Կեղծեք պատմությունը՝ հայտարարեք, որ Վասակը հերոս էր, իսկ Վարդանը դավաճան ու ամբողջովին կջնջեք հայրենասիրության հայկական ավանդույթի հիմքերը։ Հրաժարվեք Արցախյան առաջին պատերազմի հերոսամարտից և նրա հերոսներից ու անիմաստ կդարձնեք հայության պայքարի շարունակականությունը։ Թուրքի փոխարեն ազգի թշնամի կարգեք ռուսին ու կկորցնեք ձեր վերջին դաշնակցին` ինքներդ ձեզ համար պատրաստելով մի նոր ցեղասպանություն։
Սա այն է, ինչին ձգտում են գլոբալիստները աշխարհում` իրականի ոչնչացում և կեղծ արժեքների ներմուծում:
Սա այն է, ինչ այսօր անում են ՀՀ գործող իշխանությունները` նպատակ ունենալով հայության ավանդական ինքնության փոխարեն առաջարկել կեղծը` այսպիսով ամբողջովին ջնջելով թե’ արտաքին և թե’ ներքին թշնամիների դեմ դիմադրության ցանկացած ձգտում։
Այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, որ նիկոլիզմն իր համար ատելության առաջնային թիրախ է ընտրում այն ամենը, ինչ ընդգծում է մեր ազգային ինքնությունը՝ մեր պատմությունը, հատկապես նրա հաղթական՝ Արցախյան էջը, ազգային-քրիստոնեական ինքնությունը, և այլն։
Ամոթի բացակայությունը հատուկ է շիզոֆրենիկներին, և մի’ զարմացեք, որ այդ մարդիկ կարող են անպատվել, թքել, հայհոյել և հետո զարմանալ, որ դիմացիններն իրենցից զղջում են պահանջում։ Այս մարդիկ չունեն նաև կարեկցանքի զգացում, հետևաբար հազարավոր զոհերը, պատերազմները և դրա հետևանքները նրանց հետաքրքիր չեն, կարևորը իրենց սպառողական անասնական կիրքը բավարարելն է՝ այսրոպեական շահը ու թքած թե հետո ինչ կլինի…
Մտածեք այս ամենի մասին:
(շարունակելի)
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու