Հարկային անհասկանալի արտոնություններ՝ 1.4 միլիարդ դրամ ներդրման խոստման դիմաց
Մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը չզեկուցվող նախագծով հավանության է արժանացրել 1.4 միլիարդ դրամ արժողությամբ մի ներդրումային ծրագիր, որի շրջանակում ընկերությունը ստանալու է հարկային արտոնություններ։
Հարկային արտոնություն ստացող ընկերությունը Քարակերտի քարաձուլման գործարանն է, որը, ըստ Կառավարության հավանությանն արժանացրած նախագծի, ստեղծելու է 85 նոր աշխատատեղ և մեծացնելու է իր արտադրանքի արտահանման ծավալները։
Կառավարության ընդունած նախագծի վերաբերյալ, սակայն, ծավալուն առարկություններ են ներկայացրել՝ ինչպես Պետական եկամուտների կոմիտեն, այնպես էլ՝ Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները։
Առարկություններից մեկի համաձայն՝ հարկային արտոնության, այսինքն՝ շահութահարկ վճարողի շահութահարկի գումարը կարող է նվազեցվել միայն Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով: Շահութահարկի գումարի նվազեցման հիմք կարող է հանդիսանալ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիրը, մինչդեռ կառավարության ներկայացրած որոշմամբ՝ Քարակերտի քարաձուլման գործարանի գործարար ծրագիրը չի հաստատվել։
Հաջորդ առարկությունը վերաբերում է հետևյալին, թե ինչո՞ւ պետք է ընկերությունը հարկային արտոնություն ստանա, եթե 2025-2028թթ. ընթացքում արտադրության ծավալների աճ չի սպասվում, ավելին, որպես արտադրողականության և արտադրանքի ցուցանիշ՝ ներկայացված են նույն նախկին ցուցանիշները։
Բացի այդ, այս ընկերությանը հարկային արտոնություն տալը հարցեր է առաջացնում, հատկապես, երբ ներկայացված գործարար ծրագրից պարզ չի դառնում, թե ծրագրի շրջանակներում քանի նոր իրական աշխատատեղ են նախատեսում ստեղծել, ինչն էական նշանակություն ունի արտոնությունների տրամադրման տեսանկյունից: