Թուրքիան փակել է իր օդային տարածքը Նիկոլ Փաշինյանի թիվ 1 ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP-անձանց օդանավերի երրորդ երկրներ թռիչքների համար, այդ թվում Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP-երի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար»,-ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել էր «սադրանք»։

Տեսանյութեր

Լրահոս