Բաժիններ՝

«Բոլոր գրքերը երրորդ աչքով տեսածի մասին են». Մարգարիտա Վարդանյան

Մարգարիտա Վարդանյանը, ով ԱԺ 1-ին գումարման պատգամավոր է եղել, ընթերցողների դատին հանձնեց բանաստեղծությունների իր երկրորդ ժողովածուն՝ «Երբ դառնամ դեղձենի»-ն:

Ընթերցողներին միաժամանակ ներկայացվեց նաև Մարգարիտա Վարդանյանի «Աֆորիզմներ» գրքույկը: Հանդիպմանը ներկա էին գրական ոլորտի ներկայացուցիչներ:

Խմբագիր Անի Փաշայանը նշեց՝ «Երբ դառնամ դեղձենի» ժողովածուն երկար է ստեղծվել, որպես գրականագետ ողջունեց այդ հանգամանքը: Նա ընդգծեց՝ Մարգարիտա Վարդանյանը գրելիս երկար ճանապարհ է անցել, որ այն կոչվի ժողովածու:

«Կարդալով և խմբագրելով Վարդանյանի ժողովածուն՝ պետք է ասեմ, որ մեր բանաստեղծական շղթան շարունակվում է: Պատկերացնո՞ւմ եք, որ այլևս լավ բանաստեղծություն չգրվեր»,-շեշտեց նա:

Ըստ խմբագրի՝ գրողն անկեղծ է եղել, թվում է, թե ուրիշների կորցրած բառերն ու տողերն են: «Գրողը ճանաչում է աշխարհը, մարդկանց, նա իսկապես պտտվել է աշխարհում: Այս գրքում մենք տեսնում ենք այդ պտույտը»,-նշեց նա:

Ըստ Փաշայանի՝ Մարգարիտա Վարդանյանի բանաստեղծությունները փոքրիկ պոեմներ են հիշեցնում, իսկ աֆորիզմների ժողովածուն շատ երկար կապրի:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ողջունեց՝ Մարգարիտա Վարդանյանը կարողացել է գրողին իր մեջ բացահայտել ու լավ ներկայացնել:

Գրքերը գրվել են 7 տարի: Մարգարիտա Վարդանյանը նշեց, որ գրքերը գրվել են երկար ու սիրով: «Դրանք լիակատար «սաղմանավորվել են», անցել «հղիության» ամբողջ ժամանակաշրջանը և ծնվել են՝ առողջ, փարթամ: Հիմա պետք է մենք տարածենք, խնամենք, մեծացնենք և փորձենք իրենց ինքնուրույն կյանքի ուղղորդել»,-նշեց հեղինակը:

Վարդանյանն ասաց՝ հաճախ ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ է գրում: «Բայց երկրորդ հարցը, որ ծնվում է, հետևյալն է՝ ինչո՞ւ եմ ապրում: Դրանք մոտավորապես նույն փիլիսոփայության հարցեր են: Եթե անկարող ես քեզ զսպել գրել, պետք է գրես, այլապես այդ մտքերը գուցե մեկ ուրիշ տեղ տանեն, գուցե՝ շատ վտանգավոր»,-ասաց հեղինակը:

Նա գրքերում փորձել է անդրադառնալ ամենատարբեր թեմաների: «Բոլոր գրքերը երրորդ աչքով տեսածի մասին են: Այսինքն՝ ես ինձ նայում եմ երրորդ աչքով, ձեզ նայում եմ երրորդ աչքով և փորձում եմ միացնել այդ երեք աչքերի տեսածները»,-ասաց Վարդանյանը:

Մարգարիտա Վարդանյանն իր առաջին գիրքը՝ «Մի բուռ աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածուն հրապարակել է 2016 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս