Մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է․ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Դեսպան Ուորլիքը կարևրում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:

Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը: Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:

«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:

Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավածության հետ:

«Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն է հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»,- պնդում է նա:

Տեսանյութեր

Լրահոս