Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի գործով կալանավորված 4 անձ չկա․ Նորայր Նորիկյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին՝ նշելով, որ կացարանի հրդեհի վարույթով կալանքի տակ է 3 անձ, ոչ թե 4։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։

Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։

Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»,- գրել է Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս