Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին՝ ԼՂ-ի ժողովրդի առջև ծառացած ճգնաժամին ուշ արձագանքելու համար
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք պետք է իրադարձություններին արագ արձագանքենք ու նաև անդրադառնանք դրանց հիմնական պատճառներին», – ասել է Մենենդեսը:
Սենատորը հիշեցրել է, որ անցյալ տարի հայտարարվել է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին 40 միլիոն օգնություն տրամադրելու ծրագրի մասին: Մենենդեսը մտահոգություն է հայտնել, որ «այդ գումարը կկիսվի օգնության մի շարք առաջնահերթությունների միջև», և օգնությունը չի հասնի Լեռնային Ղարաբաղում խոցելի հայ բնակչությանը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է Արցախին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության կարգավիճակի մասին: Նա հարցրել է, թե այդ գումարի որ մասն է հասնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խոցելի համայնքներին, մինչ նրանք վերականգնվում են Ադրբեջանի ագրեսիայից, սակայն Փաուերը չի կարողացել պատասխանել այս հարցին:
Փաուերը, սակայն, նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տարածաշրջանում իրավիճակը գնահատելուն ուղղված երկու առաքելություն է իրականացրել: Մենենդեսի խնդրանքով նա համաձայնել է այդ գնահատականները տրամադրել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: