
Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ԱԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամները շարունակում են պայքարը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում:
Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Հովհաննես Համբարձումյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հովհաննես Համբարձումյանը մրցեց և զիջեց չին մարզիկին 5:0 հաշվով, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 4:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ:
Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: