ԿԲ գնահատմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում գնաճը լինելու է բանկի թիրախից ցածր
Համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում Հայաստանի ապրանքների գնանկում է նկատվում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան ԿԲ թիրախն է (4 տոկոս):
Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատում ենք մի ֆենոմեն, երբ կա ապրանքների որոշակի էական գնանկում, որը հիմնականում պայմանավորված է մի կողմից վարվող խիստ դրամավարակային քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսից հետո վերջապես արժեշղթաների վերականգնմամբ ու առաջարկի ավելացման գործոններով: Այդ առումով թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, թե ՌԴ-ում, թե Հայաստանում տեսնում ենք, որ համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում մեր գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակիորեն նվազման միտում են ցույց տալիս»,-ասաց Գալստյանը:
Գնաճի նվազման երկրորդը պատճառը բազային էֆետներն են:
Անդրադառնալով ծառայությունների հատվածին ՝ ԿԲ նախագահն ասաց, որ մի քանի զարգացումներ կան, որոնք դեռևս թույլ չեն տալիս ասել, որ գնաճի դեմ պայքարը վերջնականապես հաղթահարվել է: «Առաջինն արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների գների հետևողական աճն է Հայաստանում: Ապրանքների պարագայում մենք տեսնում ենք, որ ունենք բավականին մեծ գնանկումներ, սա որոշ ժամանակ անց, շատ կարճաժամկետում նույնիսկ բերելու է նրան, որ Հայաստանում, մեր գնահատականներով, ընդհանուր գնաճը լինելու է ավելի ցածր, քան ԿԲ-ի թիրախը: Սակայն, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը: Մենք ամսական արտահայտությամբ 6-8 տոկոս, տարեկան արտահայտությամբ նաև 12 տոկոս գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով»,-ասաց Գալստյանը:
Ծառայությունների գների աճը մի մասով նա պայմանավորեց արտաքին շատ ուժեղ պահանջարկով, նաև երկրում աշխավարձերի աճով: ԿԲ նախագահի խոսքով՝ աշխատավարձերի աճը գերազանցում է ոչ միայն ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը, այլ նաև արտադրողականությանը, ինչն ունի գնաճային էական պոտենցիալ:
Թեև գնաճային սպասումները որոշակիրորեն նվազել են անցած տարի նկատված մակարդակներից, սակայն շարունակում են մնալ բավականին բարձր՝ այն տարիների նկատմամբ, երբ հնարավոր էր վստահորեն ասել, որ կան խարխսված գնաճային սպասումներ: Ուստի ԿԲ խորհուրդը որոշել է այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ:
«ԿԲ-ն պայքարելու ու ստեղծելու է մի իրավիճակ, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանում գնաճը լինելու է թիրախին համարժեք»,-ընդգծեց Գալստյանը:
2023-ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4 տոկոս: