MMA մրցաշարում Կամո Ունանյանը 20 վայրկյանում հաղթեց ռուս մրցակցին
Ապրիլի 30-ին, Մոսկվայում տեղի է ունեցել EFC Global 31-րդ միջազգային MMA մրցաշարը, որտեղ հայ մարզիկ, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կարատեի միությունից։
Կանո Ունանյանը վարեց արագ և գեղեցիկ մարտ, որը դարձավ նրա երկրորդ հաղթանակը՝ MMA մարզաձևում։ Նրանից ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկի մրցակցին։ Այո, ամբողջ մարտը տևեց ընդամենը 20 վայրկյան։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, մենամարտին ընդառաջ Կամո Ունանյանը գտնվում էր Մոսկվայում։ Նա այդ ընթացքում մարզվում էր ոլորտում արդեն անվանի «Gor MMA» ակումբում` Գոռ Ազիզյանի գլխավորությամբ։ Ինչպես նաև Կամոն անհատական մարզումներ է ունեցել լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանի մոտ։
Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 2 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ նա մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։
Նշենք, որ Կամո Ունանյանը պատրաստվում է մասնակցել մայիսի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Mixfight MMA-ի միջազգային մրցաշարին։