Միքայել Արզումանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։
168.am-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
«Հիմնավորումն այն է, որ դեռևս պահպանվում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը»,- շեշտեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել պատերազմական 2 դրվագով: Դրանցից մեկը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելուն:
«Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։
Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։
Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարին Տակ խաչմերուկից մինչև «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին Տակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին»,- նշված էր ՔԿ հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու փաստով պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում Արցախի Հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Նրան միաժամանակ շնորհվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին ևս պատերազմական դրվագներով մեղադրանք է առաջադրված: Նա կալանքի տակ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: