Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականից ի վեր աճել է 10 անգամ
Գերմանիայի պետական պարտքը 2021 թ.-ի սկզբից աճել է տասն անգամ՝ 4-ից հասնելով 40 միլիարդ եվրոյի, երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ Այդ մասին «РИА Новости» գործակալությունից:
«Երկրի պարտքի բեռը 2021 թվականից ի վեր 4-ից հասել է գրեթե 40 միլիարդ եվրոյի: Դրանք փողեր են, որոնց կարիքը մենք ապագայում կունենանք այլ նպատակների համար՝ կրթության, թվայնացման և կլիմայի պաշտպանության ոլորտում ներդրումների: Այսպիսով, տնտեսապես նպատակահարմար Է զսպել պարտքի աճը», – գրել է նա Twitter-ում։
Անցյալ շաբաթ Լինդները T-Online հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Էր, որ պարտքի աճը պայմանավորված էր COVID-19-ի համավարակի և էներգետիկ ճգնաժամի ժամանակ արտակարգ միջոցների սահմանմամբ։ Այս առումով նա ընդգծել Է, որ կառավարությունը պետք է սահմանափակի իր ծախսերը, և այդ պատճառով պետությունը չի կարողանա լուծել ընթացիկ այնպիսի տնտեսական խնդիրներ, ինչպիսին բարեկեցության անկումն Է:
Գործակալությունը նշում է, որ անցյալ տարվա էներգետիկ ճգնաժամը, որի գլխավոր պատճառը Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցներն էին, տասնամյակի ընթացքում գնաճի ռեկորդային ցուցանիշների Է հանգեցրել եվրոպական երկրներում: Գերմանիայում տարեկան գնաճը հունվարին հասել է 8,7 %-ի, ինչը 0,1 %-ով ավելի է նախորդ ամսվա համեմատությամբ, հայտնում է Դաշնային վիճակագրական բյուրոն։