Մոլի հականիկոլական լրագրողից՝ մինչև Շիրակի փոխմարզպետ. Աննա Մարտիկյանի փշոտ ճանապարհը
Երկու օր է՝ Ֆեյսբուքի հայկական տիրույթում փոթորկվում է Հանրային հեռուստաընկերության Շիրակի մարզի նախկին երկարամյա թղթակից, Շիրակի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Հանրային ռադիոյի թղթակից, ընդգծված ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Աննա Մարտիկյանի՝ Շիրակի փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու լուրը:
Լուրը, հիրավի, շոկային էր թե լրագրողական համայնքի, թե հասարակ գյումրեցիների համար, քանի որ Աննա Մարտիկյանը երբեք չի թաքցրել ոչ իր խիստ բացասական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի, ոչ ՔՊ-ական ողջ իշխանության նկատմամբ:
Սկսած ՇՊՀ-ից մինչև Գյումրիի գեղեցկության կենտրոնների ու սպասարկման ոլորտի այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ ու դրանց աշխատակիցներ, տառացիորեն ցնցված են Աննա Մարտիկյանի նշանակումից ու դրան հետևած նրա վարքագծից:
Լուրը թերևս պայթող ռումբի ազդեցություն չունենար, եթե իր շնորհակալության տեքստում Աննա Մարտիկյանը Փաշինյանին չդիմեր «մեծարգո» պատվանունով: Երևի թե մեր նախկին գործընկերն իսկապես շատ հուզված էր, այլապես հետո իր գրած տեքստում ուղղումներ չէր կատարի:
Այն, ինչ կատարվեց այդ գրառումից հետո, իսկապես դժվար էր պատկերացնել: Աննա Մարտիկյանը ֆեյսբուքյան աղմուկից ազատվելու համար մի քանի անգամ բացեց ու փակեց իր ֆեյսբուքյան էջը: Ի վերջո, գրեց, որ էջի հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, իսկ իր որոշ գրառումներ կատարել է խիստ հուզական վիճակում:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն անդրադառնալով այդ նշանակմանը, գրել էր.
«Քանի որ շատ քննարկվեց Աննայի վարքագիծը, նշեմ հետևյալը, Աննան էքստրիմի մեծ սիրահար էր, Շիրակի փոխմարզպետ նշանակվելն իր կյանքի նախավերջին էքստրիմն էր, իսկ վերջինը կլինի ազատվելուց հետո ինքն իրեն սպանելը…
Աննան իմ ընկերն էր, հարազատ էր շատ, երեկ նա մեռավ, դիահերձարանից ախտորոշեցին թրքասիրություն, բայց այնքան էլ չհավատացի..
Իր սկզբունքներին դավաճանելու և տականքներին միանալու պատճառների մասին շատ ծանր խոսակցություն ունեցանք, ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել, ոչ մի լուրջ պատճառ չկարողացավ արտաբերել…
Գուցե չհավատաք, բայց իսկապես մեծ ցավ զգացի, հիմա էլ մեծ ցավով եմ գրում, իսկապես լավ ընկեր էր, հիանալի մարդ, այլևս մի անդրադարձեք, հավատացեք իրեն ճանաչելով վստահ եմ, ինքն իրեն ավելի ծանր է պատժելու, քան կպատկերացնեք…
Աննան իմ ընկերն էր, և երեկ նա մեռավ…»:
Չենք վիճում, հնարավոր է, որ Աննա Մարտիկյանն իսկապես հուզական վիճակում է եղել, որովհետև 168.am-ի՝ Շիրակի մարզպետարանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նորանշանակ փոխմարզպետը 44-օրյա պատերազմում կորցրել է հարազատների. զոհվել է հորեղբոր տղան, մյուս հորեղբոր թոռն էլ անհետ կորած է մինչ այժմ:Ամեն դեպքում փաստ է, որ հիմա հուզմունքն անցել է:
Ի դեպ, նրա այդ որոշումից ցնցված են նաև իրեն ճանաչող գործընկերները: