Իրանը հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ
Իրանի իշխանությունները հանդես են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման դեմ: Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում իր ֆինն պաշտոնակից Պեկա Հաավիստոյի հետ բանակցությունների ընթացքում։
Ինչպես հետևում է փետրվարի 27-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից, Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանը «կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը» և Ուկրաինայում հակամարտության շարունակմանը, ինչպես նաև այլ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար սպառնալիքի ստեղծմանը։ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտեր են ներկայացրել 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպություններն, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թ.-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Հունվարի վերջին Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ բորբոքվեց Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու պատճառով։ Բացի դրանից, հունվարի կեսերին Քրդական դեմոկրատական հասարակական կենտրոնի կողմից ի պաշտպանություն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կազմակերպված հանրահավաքում Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ցուցարարները գլխիվայր կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող տիկնիկ։ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում այս և այլ հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է Անկարայից ակնկալի ՆԱՏՕ-ին անդամակցության իր հայտի վավերացում: