
Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ անձնական զրույցը:
«Հռոմի պապը Ներման կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին կոչ է անում ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սևաստյանովը։
Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ «քրիստոնեական առաքինությունը փոխադարձ ներումն է և մարդկային կյանքի պաշտպանությունը»։
Փետրվարի 26-ին Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է, այսպես կոչված, Ներման կիրակի օրը՝ Մեծ Պահքին նախորդող վերջին օրը: Ուղղափառ ավանդույթի համաձայն, Ներման կիրակի օրը քրիստոնյաները պետք է հաշտվեն բոլոր նրանց հետ, ումից նեղացած են: