Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին
Խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել է, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Սակայն, լինելով չեզոք պետություն՝ Մոլդովան, միեւնույն է, դեռ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի իր անվտանգության ապահովմանը։ Գրոսուն այս հայտարարություններն արել է Prime TV-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հակամարտության հնարավոր սրման մասին հասարակության մեջ շրջանառվող մտավախությունների, եթե Մոլդովան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, հաղորդում է Radio Moldova-ն։
Գրոսուն ընդգծել է Մոլդովայի չեզոքությունը եւ ասել, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարց չկա: Սակայն նա նաեւ մատնանշել է անհրաժեշտությունն այն բանի, որ Մոլդովան առաջնահերթ ուշադրություն դարձնի իր անվտանգությանը՝ տարածաշրջանում շարունակվող հակամարտության պայմաններում:
«Մենք պետք է ինքներս մեզ շատ լուրջ հարց տանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր օդային տարածքը։ Անցած անգամ ստիպված էինք մեկ ժամով փակել մեր օդային տարածքը, քանի որ խոսքը մեր քաղաքացիների ավիացիոն անվտանգության մասին էր։ Դնեստրի ձախ ափի անջատողական իշխանությունները, այսպես ասենք, շատ ավելի լավ են հագեցած, քան ազգային բանակը»,- ասել է Գրոսուն։
Ավելի վաղ նախագահ Մայա Սանդուն դաշնակիցներից պահանջել էր հակաօդային համակարգեր եւ ֆինանսական օգնություն՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին Մոլդովայի պաշտպանունակությունը ուժեղացնելու համար, հայտնում է մոլդովական «Բելցյան անկախ պորտալը»։