Իրանցի ավտոարտադրողները սպասում են Ռուսաստանում հավաստագրմանը՝ ավտոմեքենաների արտահանման համար

Իրանական Iran-Khodro եւ SAIPA ավտոարտադրողները սպասում են Ռուսաստանում հավաստագրմանը՝ ավտոմեքենաների արտահանման համար, հայտարարել է Իրանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը, հաղորդում է Tasnim-ը:

Այս շաբաթ Ղալիբաֆը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ SAIPA-ն արդեն պայմանագիր է կնքել բելառուսական ընկերության հետ 45 000 Shahin եւ Quick մակնիշի ավտոմեքենաներ մատակարարելու վերաբերյալ, որոնք նույնպես կառաքվեն ռուսական շուկա։

Ղալիբաֆը, սակայն, չի հստակեցրել, թե կառաքվեն արդյոք մեքենաները անմիջապես Ռուսաստան արեւմտյան պատժամիջոցների պատճառով, թե դա կիրականացվիԲելառուսի տարածքով։ Թեեւ Մոսկվայի հետ բանակցություններ են ընթանում, ներկայումս իրանական ավտոարտադրողների եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի պայմանավորվածություններ չկան։

Անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվան եւ Թեհրանը 300 միլիոն դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ռուսաստան իրանական ավտոմեքենաներ արտահանելու վերաբերյալ, եւ երկու երկրները նաեւ ուսումնասիրել են մեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը։

Իրանական Iran Khodro ավտոարտադրողը, որը հավաքում է չինական Haima եւ Dongfeng բրենդների նորացված մոդելներ, անցյալ տարի նաեւ Peugeot 301-ի վրա հիմնված Tara սեդան է թողարկել, ըստ ընկերությունների տվյալների: Ընկերությունը նախատեսում է նաեւ ապագայում Peugeot-ի եւ Citroen-ի նախատիպերի հիման վրա նոր մոդելներ ներկայացնել։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է Մոսկվայի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրությամբ Թեհրանի շահագրգռվածության մասին։

«Ավտոստատ»-ի տվյալներով՝ 2022 թվականի հուլիսի դրությամբ Ռուսաստանում եղել է 10 400 Iran Khodro մեքենա՝ ներկայացված Samand մոդելով։

Իրանին հաջողվել է ստեղծել ավտոարդյունաբերություն՝ ներքին պահանջարկը բավարարելու համար՝ չնայած տասնամյակների արեւմտյան պատժամիջոցներին, եւ կառավարությունը կրճատել է երկրի կախվածությունը արտասահմանյան ավտոմեքենաների ներկրումից այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

Տեսանյութեր

Լրահոս