Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ․ Բաբայան
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների նախօրեի հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ: Սա քաղաքական չէ։ Սա վերաբերում է ենթակառուցվածքներին, ճանապարհի ապաշրջափակմանը, որն ընթանում էր, և ռուս խաղաղախահները փակման առաջին իսկ օրից այդ բանակցությունները, խորհրդակցությունները վարում էին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Որևէ ձևով սա չի կարելի դիտարկել որպես երկխոսություն քաղաքական հարցերով՝ Արցախի ապագայի շուրջ։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր են, սակայն, դա չի նշանակում, թե որևէ մեկը որևէ կերպ Արցախը կարող է տեսնել Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է։ 1988 թվականից ի վեր որևէ մեկն Արցախում չի դիտարկում իրեն ու իր երկիրը Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ 1921 թ.-ից ի վեր, մինչև 1988 թիվը, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, արցախցիները չեն մերվել այդ իրողության հետ։ Եվ հիմա պետք է այնպես անենք, որ պարզապես այս մարդասիրական հարցերը կարգավորվեն։
Անհրաժեշտ է համախմբվել և, իմաստուն քաղաքականություն վարելով, փրկել Արցախը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին հանդիպել էին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել գազա եւ էլկետրամատակարարումը լիարժեք վերականգնելու շուրջ: