Ռուբեն Վարդանյանի հարցով ռուսական կողմը «լվացել է ձեռքերը» Պիղատոսի պես. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է արվել Ադրբեջանի ճնշման ներքո։ Այդ մասին նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանին։

Ստանձնելով այդ պաշտոնը՝ ձեռներեցը «հույսեր արթնացրեց Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչության շրջանում», որն այժմ ստիպված կլինի «ոտքերով քվեարկել»՝ լքելով տարածաշրջանը, նշել է խորհրդարանականը։

«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որն Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլև հայկական կողմի վրա, որը չպաշտպանեց Վարդանյանին։ Ցավում եմ։ Սա ողբերգական արդյունք է, որն առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես չեմ ուզում պահանջներ ներկայացնել անձամբ Վարդանյանին։ Նա, հավանաբար, պետք է կշռադատեր բոլոր խնդիրներն այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա կիրառվող ճնշումը»,-ասել է Զատուլինը։

Պետդումայի պատգամավորը նշել է, որ Վարդանյանի հարցով ռուսական կողմը «լվացել է ձեռքերը»։

«Սրանում իր մեղքի բաժինն ունի նաև ՌԴ-ն, որին անդադար պահանջներ էին ներկայացնում, որպեսզի Ռուբեն Վարդանյանին դուրս բերեն այնտեղից։ Այն բանից հետո, երբ Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից՝ ՀՀ քաղաքացի դառնալու համար, մենք պաշտոնական պատասխան ունեինք, ըստ որի՝ մենք կապ չունենք Վարդանյանի, նրա կարիերայի, ծրագրերի հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում մենք էլ ենք տվել որմալ պատասխաններ՝ չցանկանալով վեճի բռնվել ադրբեջանական կողմի հետ, ձեռքերը լվացել ենք Պոնտացի Պիղատոսի պես։ Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումն ապագայում, ցավոք սրտի, օգուտ չի բերում այս ձեռքերը լվացողին։

Սակայն այդ հայտարարությունները չփարատեցին ադրբեջանական և թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակեցին պնդել դա և նույնիսկ վերջերս Լաչինի միջանցքի բացումը կապեցին Վարդանյանի՝ պաշտոնը լքելու հետ»,-նշել է նա ու հարց հնչեցրել՝ այս ամենից հետո կբացվի՞ Լաչինի միջանցքը, արդյո՞ք Լաչինի միջանցքի շրջափակումը կվերացվի Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանների կողմից։

«Իհարկե, դրանք էկոլոգներ չեն, վերահսկվում են Բաքվի կողմից»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս