Արցախի պետնախարարը չի վերահսկի ԱԳՆ աշխատանքը. Արայիկ Հարությունյանի որոշումը
Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ արտաքին գործերի նախարարության աշխատանքի համակարգումը դուրս լինի պետական նախարարի վերահսկողությունից։
«Անթույլատրելի է, որ Արտաքին գործերի նախարարությունը կամ ուժային կառույցները լինեն նախագահի լիազորություններից դուրս, որևէ այլ պաշտոնյայի լիազորությունների ներքո։ Ըստ Սահմանադրության՝ նախագահն է ղեկավարում երկրի արտաքին կուրսը, ինքը պետք է այդ լիազորությունները ստանձնի, հակառակ պարագայում կարող են խնդիրներ առաջանալ։ Պետնախարարը պետք է զբաղվի տնտեսության, ներքին հարցերով, ճիշտ ձևը սա է»,– նշել է Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարության նիստում, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, նաև հայտարարեց, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության: Մինչև այժմ պետնախարարի վերահսկողությունից դուրս էին միայն ուժային մարմինները։