Կոմիտասի շուկայի գնորդ, «սրան-նրան» կպնող գործարարի հայտնությունը՝ գործարարների թիրախում
Շինարարական շուկայում նոր ընկերություն է հայտնվել, որը հավակնում է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը: Խոսքը դեռևս ոչ վաղ անցյալում հիմնադրված «GTB Holding»-ի մասին է, որն իրարանցում է առաջացրել դաշտում գործարարների, հատկապես կառուցապատողների շրջանում: Հայաստանյան առանց այն էլ փոքր շուկայի պայմաններում գործարարներն անհանգստանում են, որ լուրջ այդ հոլդինգի սեփականատիրոջ «անակնկալ» հայտնության արդյունքում վերադասավորումներ տեղի կունենան՝ խոչընդոտելով իրենց գործունեությանը:
«GTB Holding» ընկերությունը, ըստ տեղեկությունների՝ պատրաստվում է Երևանում իրականացնել հսկայածավալ կառուցապատումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում: Տարբեր ասեկոսեներ են շրջանառվում այդ ընկերության սեփականատիրոջ և տարբեր հովանավորչությունների մասին:
Որտեղի՞ց, ինչպե՞ս է հայտնվել շինարարական շուկայում, ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած նրա թիկունքին, ովքե՞ր են հովանավորում նրա անակնկալ մուտքը հայաստանյան շուկա, և ինչո՞վ է դա պայմանավորված:
«GTB Holding» ընկերությունը, պարզվում է, պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին: Վերջինս Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, սակայն, ըստ տարբեր աղբյուրների՝ նա որևէ գործառնական առնչություն չունի Արմեն Սարգսյանի հետ, և փեսա-աներ համատեղ բիզնեսներ չեն վարում:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ նրա բիզնես-հաջողությունները կապելը բացարձակ սխալ է, նրա ներդրումների ու բիզնեսների ծավալը, աշխարհագրությունը, ոլորտները որևէ առնչություն չունեն Արմեն Սարգսյանի հետ:
«Դե, քանի որ չեն հասկանում՝ ով ա, ինչ ա, որտեղից ա, փորձում են ենթադրություններ անել, ու ամեն մեկն իր վարկածն է առաջ քաշել՝ աներոջ, իշխանությունների, այլ մարդկանց հետ նրա անունը կապելով»,- ասաց մեկը:
Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանն իր գրառումներով բավական ակտիվ է սոցցանցերում, տեսակետ է արտահայտում այս կամ այն երևույթի, գործի մասին: Նույնիսկ ամիսներ առաջ ինքն էր խոստովանել, որ իր ամենամոտ մարդիկ իրեն քննադատում են ժամանակ առ ժամանակ «սրան-նրան կպնելու» համար.
«Իմ ամենամոտ մարդիկ ահավոր շատ ինձ քննադատում են, որ ես ժամանակ առ ժամանակ, սրան կամ նրան կպնում եմ: Իհարկե, քաղաքականացված մարդկանց՝ էն դեպքում, որ ես կարծես թե քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց արի ու մի արտահայտվի…
Ռուբեն Վարդանյան!
Ընդհանրապես չեմ հանդիպել՝ նույնիսկ 10մ հեռավորության վրա, բայց մարդը չունենալով՝ ըստ իմ ինֆորմացիայի (որը կարող է և թերի լինել), ոչ մի բանի կարիք, թողնելով մուլտիմիլիոնանոց բիզնեսների կառավարումը (ինչքան էլ բոլորը անիմաստ խոսեն, բայց էտ ամենը ստեղծելու համար հաստատ շաաաատ խելք ու աշխատասիրությունա ուզում, որ խոսողների ինչ որ բանը չի հերիքել դրա համար)՝ թողել է ամեն ինչ և գնացել է Արցախ ապրելու…. լաաաավ, նախագահի պաշտոնում կառավարելու (աբսուրդի ժանրից) …., իսկ դու կգնայի՞ր… էտ ամենը ունենալուց հետո… Նորից եմ կրկնում, եթե չունի ուրիշ շահ (օրինակ՝ չի ասել, որ Հայաստանը պետք է մտնի որևէ պետության կազմի մեջ): Ինչքան ես գիտեմ, չի թալանել մի ստորագրությամբ, ինչպես մնացած լրբի լակոտները՝ գոնե իր երկրից, որ փթածի դեմքով իրանց թուլեքին հույս են տվել, որ պապան բիզնեսմեն է, 70-ականներից:
Որ ընդամենը մի գրիչ են տվել ձեռքը, որ ստորագրելով գողացել ա բոլորիցս՝ փթած առնետի նման, ու հիմա տունը նստած, վեհ իրա կենացն են խմում՝ իր արյունակից ստրուկները….. բա մեկդ գնայիք Արցախ. գոնե պտտվեիք…. իսկականից զզվելի ա …..»,- ֆեյսբուքյան իր էջում ամիսներ առաջ գրել էր նա:
Ինչևէ, Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող ընկերությունը սահմանամերձ Երասխում կառուցում է ՀՀ-ում թերևս նախադեպը չունեցող ծավալներով մետաղաձուլարան, որն իր արտադրանքով՝ ոչ միայն ապահովելու է հայկական շուկայի պահանջարկը, այլև իր արտադրանքը արտահանելու է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ հայաստանյան շուկան բավական փոքր է նման նախագծերի համար, այդ իսկ պատճառով ընդլայնվում են դեպի ԱՄԷ և այլ երկրներ:
Ուշագրավ է, որ արդեն վաղուց մամուլում լուրեր են պտտվում, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը մասնավորից գնել է նաև «Կոմիտասի շուկան»՝ իր հարակից տարածքով: Ըստ մեր աղբյուրների՝ նա նաև գնել է բազմաթիվ հողակտորներ Երևանում և բանակցում է նաև Հայաստանի խոշորագույն հարկատու ընկերություններից մեկի 100% բաժնետոմսերը ձեռք բերելու համար:
168.am-ի աղբյուրների պնդմամբ՝ երիտասարդ գործարարը հանդիսանում է Միացյալ Նահանգների ամենամեծ կրիպտոարժույթների ֆիրմաներից մեկի սեփականատերը և ԱՄՆ 100 ամենախոշոր բանկերից մեկի 51% բաժնետերը:
Նշենք, որ մամուլում և սոցցանցերում նաև հրապարակումներ են եղել այն մասին, որ նա պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել՝ պատրաստվելով Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Հավելենք, որ 2019թ. Գրիգոր Տեր-Ղազարյանը Spayka ընկերության նկատմամբ գործող իշխանությունների հետապնդումների ընթացքում ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր նոր ընկերության բացման մասին:
«Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին, որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։ Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա»,- գրել էր նա:
Թե ինչ եղավ այդ ընկերությունը, ինչ ճակատագիր ունեցավ նախաձեռնությունը՝ հայտնի է: Բայց հայտնի է, որ Spayka ընկերության և գործող իշխանությունների առճակատումը հարթվեց, համերաշխ աշխատում են, իսկ թե ինչպես՝ դա արդեն այլ նյութի թեմա է:
ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ