Ինչ-որ պահից Ադրբեջանը մեզ առաջարկելու է խաղաղ մրցակցության կոնցեպցիան, բավականին գիշատիչ մրցակցություն է լինելու. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ չկա մի պրոցես, որից խուսափել հնարավոր չէ:

«Եվ մեր ռացիոնալ խնդիրը պետք է լինի այն պրոցեսից խուսափելը, երբ հակառակորդի կողմից անընդհատ և անվերջ զիջումների շարք է պարտադրվում, և պաշտոնական Երևանի ազգային հանիբալիզմի ներտեսակային այս գիշատչության գաղափարախոսությունը, որը ենթադրում է՝ զոհել, խժռել քո մի մասը՝ մյուսին փրկելու համար: Սա բավական վտանգավոր և արյունոտ թեզ է: Դա չի տանելու փրկության, այլ տանելու է չդադարող կորուստների»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ նշել է Հովհաննիսյանը:

Ըստ փորձագետի, իրադարձությունները շատ արագ են փոխվում, մենք գտնվում են անընդհատ փոխվող, փոփոխվող իրականության մեջ, և շատ դժվար է ֆիքսել այն առաջնահերթությունները, որ մենք պիտի դնենք:

«Ըստ իս՝ առաջին քայլը, որ մենք պետք է անենք Երևանում՝ մթնոլորտի փոփոխությունն է: Մեր լսարանը կա՛մ անորոշ է, կա՛մ ենթարկված է «զիջենք ինչ-որ բան, որ փրկենք 29.800 քկմ-ը» կոնցեպտին, որն արհեստական և կեղծ է, բայց կարող է նաև ընկալելի լինել: Այս գաղափարը՝ թողնենք խժռեն մի մասը, որ քո մյուսը փրկենք, պետք է ջարդել»,- ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր անդամը՝ հավելելով, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին խոսելը լավ գաղափար է, բայց չպետք է մոռանալ իրականությունը:

«Մերժելով ինչ որ փաթաթվում է մեզ, մենք չենք կարող միանգամից նժարին դնել Արցախի պետականության միջազգային ճանաչումը: Եվ մենք չենք կարող մեզ համոզել, որ դա այսօր հնարավոր է: Դա այսօր մեր թույլ վիճակում հնարավոր չէ, առավելևս տարածաշրջանում ստեղծված խաղի կանոններով, միջազգային դրությունով: Երբ ՌԴ-հավաքական Արևմուտք բացահայտ պատերազմ է, մենք չենք կարող գտնել ստրատեգիական այնպիսի դաշնակիցներ, որոնց դեպքում կարողանալու ենք հասնել Արցախի պետականության ճանաչման: Բայց մեր ճանապարհը այս պարտվողականությունը չէ: Մենք պետք է դնենք անվտանգային խնդիր՝ 120.000 հայ այսօր կանգնած է ֆիզիկական ոչնչացման շեմին: Արցախի ֆիզիկական ոչնչացման խնդիրը շատ լուրջ շեշտադրմամբ պետք է առաջ տանել, ավելին, պետք է չարվեն քայլեր, որն Արցախի անվտանգությունը թուլացնում է, ինչն անում է պաշտոնական Երևանը»,- շարունակել է Վահե Հովհաննիսյանը և միաժամանակ հավելել, որ առաջին բանը, որը պետք է լինի, դա ՀՀ իշխանության փոփոխությունն է, եթե դա չենք անում, բոլոր քննարկումները տեսական են:

«Այս իշխանությունը տանում է այն ծրագրով, որը մեզ տանելու է աղետի: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- ընդգծել է փորձագետը:

Ըստ նրա՝ այս բարիկադավորված աշխարհում իշխանությունը ոչ թե խաղաղության կապիտուլյացիոն փաստաթուղթը պետք է առաջ մղեր, այլ Արցախի հումանիտար ինտեգրացիան միջազգային հանրությանը:

«Եթե Արցախը լինելու է որպես մի սև խոռոչ՝ շրջափակված խաղաղապահներով, այդ խոռոչը վախճանվելու է, կործանվելու: Մի ինչ-որ պահից Ադրբեջանը մեզ առաջարկելու է խաղաղ մրցակցության կոնցեպցիան, և բավականին գիշատիչ մրցակցություն է լինելու, որովհետև Ադրբեջանը կառուցելու է խոշոր բնակավայրեր և ենթակառուցվածքներ, և դեմոգրաֆիկ էքսպանսիայով խեղդելու է»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս