Ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է ամեն ինչ անի, որ սրանք ժամանակից շուտ ինչ-որ փաստաթղթեր չստորագրեն. Սեյրան Օհանյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաև փաստելը և ընդունելը, որ Խորհրդային Միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, անկախացել են կամ ինքնորոշվել:
«Այսինքն, առաջին հերթին՝ մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է: Իսկ այս իշխանությունների կատարած աշխատանքի արդյունքն է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում: Նրանց գործունեության արդյունքում է, որ դիվանագիտական ամբողջ ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ: Իսկ պատերազմի ժամանակ ոչ մի բան չի արվել՝ պաշտպանելու Արցախը և մեր երկիրը: Եվ այսօրվա իրենց կատարած դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր այն կարմիր գծերը, որն ընդդիմությունն անընդհատ առաջ է քաշում: Այս իրողության մեջ Արցախի ինքնորոշումն անհրաժեշտություն է, դրա միջազգային ճանաչումը՝ հրամայական: Արցախն իր պատմական տարածքում ապրելու իրավունք ունի: Դրա վառ վկայությունն են նաև Արցախի հանդեպ Ադրբեջանի կատարած հանցագործ գործողությունները ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլ Արցախի անկախության ամբողջ ճանապարհին՝ և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ 1988-ին, և՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նրանց հռետորաբանությունը հուշում է, որ անհնար է նույն պայմաններում նրանց հետ ապրել: ՀՀ-ն Արցախին մտցնելով այսպիսի անկլավային դժվար իրավիճակ, ձեռքերը լվանալու իրավունք չունի: ՀՀ-ն հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ և կայուն զարգացման համար, մինչդեռ այս իշխանություններն իրենց գործողություններով հուշում են, որ նրանք ձեռքերը լվացել են Արցախից: Եվ դժվար է պատկերացնել, որ այս իշխանությունները կարող են տանել նրան, որ Արցախն ինքնորոշված լինի»,- նշել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է ամեն ինչ անի, որ սրանք ժամանակից շուտ ինչ-որ փաստաթղթեր չստորագրեն:
Մանրամասները՝ տեսանյութում