Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։
Կարևոր ենք համարում, այն որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, որ Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ Դատարանի եզրակացությունը թույլ է տալիս Արցախի շարունակվող շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։
Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
Այս համատեքստում կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։
Համոզված ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ճանաչման մասին ցանկացած քննարկում հավասարազոր է Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության խրախուսմանը»։