«Գնալով ավելի ու ավելի է բարձրանում ազգային ինքնության բարձրացման և դրա միջոցով՝ պետականության ամրապնդման անհրաժեշտությունը»․ Աննա Հայրապետյան

ՀԱՊՀԳՄ- ի դասախոս Աննա Հայրապետյանը գրում է․ «Հարափոփոխ աշխարհում, որտեղ ստանդարտացվում է անգամ կրթությունը, որտեղ մարդիկ սկսում են մտածել իրար նման ու որի մեջ կորում է ազգային գիտակցությունը, առաջանում է ազգային դիմագիծն ու ազգային կրթությունը փրկելու օբյեկտիվ պահանջ։ Գնալով ավելի ու ավելի է բարձրանում ազգային ինքնության բարձրացման և դրա միջոցով՝ պետականության ամրապնդման անհրաժեշտությունը, կարևոր դեր է հատկացնում ազգային դպրոցին, փոխվում են օրակարգերն ու առաջնահերթությունները։ Նման գործընթացներում առաջին պլան է մղվում ազգային կրթության ռազմավարությունը, որը ի տարբերություն աշխարհաքաղաքացի կերտող կրթական համակարգերի, իր հիմքում պետք է ունենա առաջին հերթին ազգին պիտանի քաղաքացու կերպարը։ Լավագույն մարդասերը նա է, ով նախ հայրենասեր է։ Ցավոք, հայրենասիրական ոգին տեղի է տվել վտանգավոր հանդուրժողականությանն ու հարմարվողականությանը, կեղծ խաղաղասիրությանն ու անհոգի հումանիզմին։ Ազգային գիտակցությունը իր դիրքերը զիջել է գեղեցիկ փաթեթավորված խորթ, օտարածին գաղափարներին, որոնք ազգերին առաջընթաց չեն ապահովում, այլ հեռացնում են իրենց ազգային արմատներից։ Այս երևույթները խոսում են մեր ինքնապաշտպանական մեխանիզմի թուլացման մասին։

Այժմ, խորապես գիտակցելով վերոնշյալ բացթողումներն և ձախողումները, պետք է լծվենք ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ գաղափարին, քանի որ ազգի փրկության գրավականը վերադաստիարակությունն է, սրբագրված տեսլականներն ու ուղենիշերը, որոնք կկառուցվեն մեր ազգային մտածելակերպի և մեր հարուստ ժառանգության հենքի վրա։

Հ.Գ.
Երիտասարդությանը տանելով գլոբալիստական ուղիով, որի անունը դրվել է եվրոպականացում, սպանում են ազգայինը։ Սրանով հիմք է դրվում աշխարհի քաղաքացու, այն է մարդու ռոբոտացման, ծրագրին։Ընդունելով ու տեղայնացնելով աշխարհի առաջավոր փորձն ու ձեռքբերումները, չպետք է անտեսել ազգայինը, այլ նորն ու առաջավորը սինթեզել ազգային հենքի հետ․․․ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ պետք է դարձնել պետական ծրագիր, պետության գոյության կարևոր հիմնասյուն, իսկ դրա իրագործման համար անհրաժեշտ է, որ երիտասարդ սերունդը գիտակցի դրա կարևորությունն ու պատկերացնի կայացման ճանապարհային քարտեզը»։

 

Տեսանյութեր

Լրահոս