Չինաստանում հնագետները հայտնաբերել են 2400 տարվա վաղեմության զուգարանակոնքի մնացորդներ
Չինաստանում հնագետները հայտնաբերել են զուգարանակոնքի մնացորդներ, որը կարող է լինել աշխարհում ամենահինը: 2400 տարվա հնություն ունեցող զուգարանակոնքի կոտրված մասերը, ինչպես նաև ծալված խողովակը հետազոտական խմբի կողմից հայտնաբերվել են անցյալ ամառ կենտրոնական Սիան քաղաքի Յուեյանգ հնավայրում գտնվող հնագույն պալատի ավերակների մեջ:
Գտածոյի վերաբերյալ մանրամասները հրապարակվել են անցյալ շաբաթ՝ առաջացնելով լայն հետաքրքրություն Չինաստանում և հազվագյուտ պատկերացում տալով հնագույն ժամանակներում երկրի իշխող վերնախավի արտոնյալ և զարգացած կենսակերպի մասին:
Զուգարանակոնքը հետազոտողների կողմից նկարագրվում է որպես «պերճանքի առարկա»: Ըստ China Daily պարբերականի՝ այն, ամենայն հավանականությամբ, տեղադրված է եղել պալատի ներսում, իսկ դրա խողովակը տանում էր դեպի դրսում գտնվող փոս:
Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի հետազոտող Լյու Ռուին, որը եղել է պեղումների թիմի անդամ, չինական պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ զուգարանակոնքը, հավանաբար, նախատեսված է եղել բարձրաստիճան պաշտոնյաների համար Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում (Ք.ա. 475-221 թթ.) և հետագա Հան արքայատոհմի ժամանակաշրջանում (Ք.ա. 206 –ից Ք.հ. 220թ.): Մասնագետը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր գործածությունից հետո ջուրը զուգարանակոնքի մեջ էին լցնում ծառաները: Ջրով
«Ջրով զուգարանակոնքը հստակ ապացույց է այն բանի, թե ինչ կարևորություն էին հին չինացիները տալիս հիգիենային», – ասել է Լյուն՝ հավելելով, որ հին ժամանակներում փակ տարածքներում գտնվող զուգարանների մասին շատ քիչ վկայություններ կան:
CNN-ը հիշեցնում է, որ նախքան այս հայտնագործությունն առաջին ջրով զուգարանի գյուտը լայնորեն վերագրվում էր անգլիացի պալատական Ջոն Հարինգթոնին, որը, ենթադրաբար, 16-րդ դարում նման մի զուգարանակոնք էր տեղադրել թագուհի Եղիսաբեթի համար: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ չնայած հայտնագործությունը վերագրվում է Հարինգթոնին, սակայն Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել են 4000 տարվա վաղեմություն ունեցող ջրահեռացման համակարգեր, որոնք կարող էին կապված լինել զուգարանների հետ:
Ցին թագավորության նախկին մայրաքաղաք, իսկ հետագայում Հան դինաստիայի առաջին մայրաքաղաք Յուեյանգի ավերակները հայտնաբերվել են 1980-ականներին։