Մյունխենում Երևանի ու Բաքվի միջև բեկում չգրանցվեց

«Մյունխենում Հարավային Կովկասի նկատմամբ Բլինքենի և Մակրոնի վերաբերմունքը պարզապես հակառուսական քաղաքականության մի մասն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Մյունխենի 59-րդ Անվտանգության համաժողովում Փաշինյան-Բլինքեն-Ալիև բանակցություններին ու Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման արդյունքներին:

Ալեքսանդր Խրամչիխինը չի կարծում, թե Մյունխենում Արևմուտքը՝ որպես միջնորդ, կամ կողմերն այդ համատեղ գործընթացում հասել են ինչ-որ բեկման, քանի որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունն այնքան է, որքան նախկինում էր:

Ըստ նրա, կարելի էր ակնկալել, որ Մյունխենում, որտեղ հավաքվում է ողջ Արևմուտքը՝ արևմտյան նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, իդեոլոգները, որոնք հատկապես այս փուլում Ռուսաստանից բոլոր երկրներին ու ռեգիոնները կտրելու խնդիր ունեն և դրա համար մեծ ռեսուրսներ են ծախսում, պետք է փորձեին հանդիպում կազմակերպել և դրանից մեծ շոու սարքեին:

«Իսկ իրականությունն այն է, որ անմիջապես այս հանդիպումից առաջ առաջարկների փոխանակությունը տեղի ունեցավ, գործընթացն արագացվեց, որպեսզի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը որոշակի արդյունքներ ու հետագա ճանապարհային քարտեզ քննարկվի:

Կարծում եմ՝ դա տեղի է ունեցել, սակայն հրապարակային քննարկումը նաև հերթական անգամ ցույց տվեց այն տարաձայնությունները, որոնք առկա են, ցույց տվեց նախապայմանները Լաչինի միջանցքի բացման և միայն մի փոքր հույս, որ ինչ-որ բան կողմերի միջև տեղի է ունենում: Չափազանց վաղ է Ռուսաստանին հաշվից դուրս թողնելու համար, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ այս գործընթացում, թեև կա մեծածավալ դիմադրություն շատ կողմերից և ներքին իրավիճակ, որն անկարևոր է դարձնում այս ռեգիոնը Ռուսաստանի համար այս ժամանակահատվածում:

Հենց այս փաստից էլ օգտվում է Արևմուտքը, որը Երևանի հրավերով դիտորդական առաքելություն տեղակայեց Հայաստանում, ՀՀ իշխանություններն իրենց հերթին, օգտվելով այս ժամանակահատվածից, փորձում են թեքվել դեպի Արևմուտք, սա գլխավոր նպատակն է և բացատրում է նրանց մնացած բոլոր քայլերը: Այսինքն՝ բոլոր գործընթացներն ուղղված են Ռուսաստանի դեմ: Եվ Մյունխենում Հարավային Կովկասի նկատմամբ Բլինքենի և Մակրոնի վերաբերմունքը պարզապես հակառուսական քաղաքականության մի մասն էր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ բեկման համար հարկավոր է Պետդեպի կողմից մշտական ներգրավվածություն, իսկ ներկայումս այն կա, սակայն ընդհատումներով է:

Նրա խոսքով, իհարկե, պակաս կարևոր չէ նաև այն մթնոլորտը, որը կա կողմերի միջև, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաև այն իրավիճակը, որը կա Ուկրաինայում, ինչը գրավել է Արևմուտքի ուշադրությունը ողջ ծավալով:

«Իհարկե, Արևմուտքի համար լավագույն լուծումը կլիներ այն, որ կողմերը գային հեշտ համաձայնության, ինչը ռեգիոնալ զարգացումները կտաներ լիովին այլ ուղով: Հենց այդ պատճառով Արևմուտքը ցանկանում է խթանել երկկողմ բանակցությունները Երևանի ու Բաքվի միջև, սակայն, եթե դրանցում անընդհատ չկա Արևմուտքը, կլինի Ռուսաստանը:

Միևնույն ժամանակ այն քայլերը, որոնք Արևմուտքը նախաձեռնել է Հարավային Կովկասում այսօր, դժվար էր պատկերացնել մեկ կամ երկու տարի առաջ: Պատերազմն Ուկրաինայում փոխել է աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի «քարտեզը»՝ մեծապես բարձրացնելով Հարավային Կովկասի նշանակությունը: Ընդհանուր առմամբ որոշակի շարժերով, սակայն Հարավային Կովկասում ևս բարդ իրավիճակի հետ գործ ունի Արևմուտքը՝ մշտապես թերագնահատելով այս ռեգիոնում կարծրացած քաղաքական ավանդույթներն ու ազդեցության մեխանիզմները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս