ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են արտգործնախարարություն
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին այսօր կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դեմարշ են հայտարարել՝ կապված ռազմական գործողություններին Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
«Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին դեմարշ Է հայտարարվել՝ կապված մարտական գործողություններին Կիևի վարչակարգի կողմից ԱՄՆ-ի ընդլայնվող ներքաշվածության հետ», – հայտնել են նախարարությունում: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Կիևին մատակարարվող ամերիկյան սպառազինությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիները, Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ են հանդիսանում։ Դեսպանին նաև հայտնել են «Ռուսաստանի դեմ բոլոր ուղղություններով առճակատման խորացման՝ ԱՄՆ-ի ներկայիս ագրեսիվ կուրսի հակաարդյունավետության մասին»։
Գերատեսչությունում ընդգծել են, որ «իրադրության ապաԷսկալացման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են ամերիկյան և նատոյական զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական գործունեության դադարեցում»: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում նաև նշել են, որ Վաշինգտոնը պետք է պարզաբանումներ տա «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և չխանգարի օբյեկտիվ հետաքննությանը՝ մեղավորներին բացահայտելու համար: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բնույթի մի շարք հարցեր: