Եվրանեսթ ԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայաստանյան ընդդիմությանը ցանկանում է տեսնել միջազգային դատարաններում
Եվրանեսթ խորհրդանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թայիր Միրկիշիլին հայաստանյան ընդդիմությանը ցանկանում է տեսնել միջազգային դատարաններում, ինչպիսին Հաագայի դատարանն է: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում, արձագանքելով հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանի ելույթին և հայաստանյան ընդդիմության փաստարկներին, ասաց Թայիր Միրկիշիլին:
Նա նշեց, որ Եվրանեսթ ԽՎ նստաշրջանին մասնակցում է՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են ԵՄ և ԱլԳ անդամ երկրների առջև, և իբրև թե չի պատրաստվում արձագանքել-պատասխանել հայաստանյան պատվիրակության մի մասի կողմից հնչող պնդումներին:
Սակայն Միրկիշիլին այնուամենայնիվ արձագանքեց և մասնավորապես փորձեց նախ հստակեցնել, որ Ադրբեջանի հանդեպ արմատական դիրքորոշում ունեն ՀՀ ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախկինում իշխանություն էին՝ սրանով ըստ էության նաև ակնարկելով, որ ՀՀ ներկայիս իշխանություններն Ադրբեջանի հանդեպ ամենևին էլ արմատական դիրքորոշում չունեն:
«Ինչպես գիտենք, նրանցից շատերը, որոնք Ադրբեջանի հանդեպ արմատական դիրքորոշում ունեն, ներկայումս ընդդիմադիր կուսակցությունից են, բայց նախկինում իշխող կուսակցությունից, որը պատասխանատու է Ադրբեջանում բազմաթիվ հանցագործությունների համար: Ես հուսով եմ և հավատում եմ, որ նրանցից ոմանք, գուցե ոմանք, որոնք նաև այստեղ են, պատասխանատվության կկանչվեն միջազգային դատարաններում Հաագայում այն հանցագործությունների համար, որոնք գործել են Ադրբեջանում»,- ասաց Միրկիշիլին, ով իր ելույթի սկզբում նշում էր, թե չի արձագանքելու հայաստանյան ընդդիմությանը: