Գլխավոր դատախազն ԱԺ-ում մանիպուլյացիայով էր զբաղված. այդ տարածքի դիմաց վարկ չի տրվել. Միհրան Պողոսյան

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի  կալանավորման միջնորդությունը: Նա ձերբակալված է և մեղադրվում է փողերի լվացման համար:

Դատարանի  մոտ  լրագրողների հետ  զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը հորդորել է ձերբազատվել «զորամասի տարածք» ձևակերպումից, այն անշարժ գույք է, որը 90-ականների կեսերից երբեք որպես զորամաս չի ծառայել:

«Որպես զորամաս չի ծառայել: ՊՆ-ում հատկացված բոլոր զորամասերը, տարածքները, ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել: Դրանք իրավական հիմք են ստացել 2005-ին, որից հետո որպես զորամաս՝ դրանք երբևիցե առկա չեն եղել»,- նշել է Միհրան Պողոսյանը,  ով այս գործով   Գրիգորի Խաչատուրովի ընկեր Էդգար Արշակյանի շահերի պաշտպանն է:

Ըստ նրա՝ անշարժ գույքն  անօտարելի՞ է եղել, թե՞ ոչ, դրա պատասխանը Էդգար Արշակյանը չէ, որ պիտի տա:

«Տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է, առկա են մի շարք հիմնավորումներ, թե ո՞ր պայմաններում տվյալ տարածքները կարող են օտարվել: Դրանք անօտարելի չեն, օտարելի են, սակայն իրավական որոշակի առկայության պայմաններում»,- ասել է փաստաբանը և հավելել, որ այդ տարածքի դիմաց վարկ չի տրվել:

«Գլխավոր դատախազն ԱԺ-ում մանիպուլյացիայով էր զբաղված, որովհետև տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձոր քաղաքում՝ հանդիսանալով 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, տեղակայումը՝ քաղաք Վանաձոր: Այդ բնակարանը ձեռք բերելու համար կնքվել է առքուվաճառքի և հիպոթեքի  պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադնելու համար Գրիգորի Խաչատուրովին տրվել է մոտ 18 միլիոն դրամ վարկային գիծ: Դրանից որոշակի ժամանակ հետո բանկը Գրիգորի Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ խնդրել է իր ընկերոջը լրացուցիչ գրավով օգնել, և քանի որ այդ պահին այդ տարածքը Էդգար Արշակյանը օգտագործելիս չի եղել, այն որպես լրացուցիչ գրավ՝ գրավադրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»,- պարզաբանել է փաստաբանը:

 Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս