Ճապոնիայի լողափին հայտնաբերված մետաղյա գունդը մեծ իրարանցում է առաջացրել
Մոտ 1,5 մետր տրամագծով մետաղյա գունդը, որը հայտնաբերվել է երեքշաբթի Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի ափին, դատարկ է, ներսում պայթուցիկ չի հայտնաբերվել։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ գնդի բռնկման կամ պայթյունի սպառնալիք չկա։ Միաժամանակ, այս պահին չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում այդ արտասովոր գունդը։
Ավելի վաղ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության Օմաեձակիի մասնաճյուղի ներկայացուցիչները «РИА Новости»-ին հայտնել էին, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում մեծ մետաղե գունդը, որ այսօր առավոտյան հայտնաբերվել Է Սիձուոկա պրեֆեկտուրայի Էնսյուհամա լողափին:
«Մենք դեռ չգիտենք, թե դա ինչ օբյեկտ է», – հայտնել են ծառայությունից։
Լողափին շուրջ 1,5 մետր տրամագծով մետաղյա գնդի հայտնաբերման մասին ոստիկանությանը տեղեկացրել էր տեղի բնակիչներից մեկը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սահմանափակել են մուտքը լողափ։ Գնդի լուսանկարները նաև ուղարկվել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և առափնյա պահպանության փորձագետներին: