Նիկոլ Փաշինյանը Եվրոպական ներդրումային բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն Հայաստանի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը:

Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս