«Վախենում եմ՝ թուրքերը լցվեն մեր մոտ». քաղաքացիները՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պատրաստակամություն հայտնեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման վերաբերյալ.
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
Այս հայտարարությունից 1 օր անց՝ Կառավարության նիստի ընթացքում, Արարատ Միրզոյանը մեկ անգամ ևս անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին և հայ-թուրքական սահմանի բացմանը.
«Հայտարարվեց, որ մենք համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամուրջի ուղղությամբ և մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների և մեր 2 երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»:
Իսկ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ, 168.am-ը փորձել է պարզել հարցախույզի միջոցով:
Կո՞ղմ եք Հայաստանի և Թուրքիայի միջև ահմանի բացմանը:
«Դեմ եմ, շատ վատ եմ վերաբերվում, վտանգ կա»,- ասաց հարցվածներից մի կին:
Մեծահասակ մի տղամարդ էլ հակառակ կարծիքը հայտնեց՝ սահմանը բացելով՝ հայ-թուրքական հարաբերությունները կլավանան, դարավոր թշնամանքը կվերանա.
«Լավ կլինի, ո՞ւմ կխանգարի: Շփումը բոլոր դեպքերում պետք է մարդկանց, ազգերին, դարավոր թշնամի չենք մնալու, թոռների հետ չենք մտնելու խրամատ, թե՝ թուրքը գալիս է, դիմադրենք: Բոլոր դեպքերում հաշտություն պետք է»:
Հարցվածներից մի երիտասարդ տղամարդ էլ այսպես արձագանքեց.
«Ես ուզում եմ առաջին հերթին հասկանամ, թե ի՞նչ է փոխվելու սահմանը բացվելուց հետո: Հիմա երբ տեսնում ենք, որ Վրաստանով մենք ևս գնում ենք, իրենք էլ գալիս են, ի՞նչն է փոխվելու, եթե մենք ուղիղ կարողանանք գնալ Թուրքիա, կամ Թուրքիայի քաղաքացիները գան Հայաստան, ոնց որ հիմա ազատ գնում-գալիս են:
Ռիսկեր, վտանգներ միշտ էլ կան, քանի որ մենք այս պահին տեսնում ենք, որ այդ հարաբերությունները դեռ այնքան էլ պարզ չի, ու հենց այդ ամենով ինքն իր մեջ վտանգ է պարունակում: Ամեն դեպքում տարածաշրջանում մեր մեծ հարևանները Թուրքիան ու Ադրբեջանն են, ճիշտ է, ցավալի է, որ նաև Թուրքիայի միջամտությամբ մենք կորուստներ ունեցանք, ինքս էլ պատերազմի մասնակից եմ եղել, հասկանում եմ՝ ինչ ծանր էր, բայց կան դիվանագիտական խողովակներ և իրողություն, որից փախչել հնարավոր չէ»:
Մի քաղաքացի էլ, որ Շիրակի մարզից էր Երևան եկել, ասաց՝ թուրքերին ատում է, բայց սահմանի բացմանը կողմ է, հույս ունի, որ ապրելակերպը կլավանա:
Մեծահասակ մի կին էլ իր անհանգստությունը հայտնեց.
«Ես վախենում եմ, որ սահմանը բացելուց հետո թուրքերը լցվեն մեր մոտ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում