ԿԽՄԿ-ն նպաստում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների լուծմանը. Փաշինյանը՝ ԿԽՄԿ նախագահին

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ:

Նիկոլ Փաշինյանը  ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Փաշինյանի  խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարևորագույն դեր ու նշանակություն:

ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Միրյանա Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Նշվում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապ ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս