Ինչու՞ է գնացել, եթե մեզ վերաբերող անվտանգային հարցերի քննարկմանը չի մասնակցելու․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրապարակային տիրույթում, տարբեր մարդիկ հարցեր են բարձրացնում, թե ինչո՞ւ Նիկոլը չի մասնակցելու Մյունխենում վաղը տեղի ունենալիք` «Անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը: Հարցադրումը տեղին է և արդար: Հարևան երկու երկրների ղեկավարները կան, իսկ Նիկոլը չկա:

Ինչու՞ է գնացել, եթե մեզ վերաբերող անվտանգային հարցերի քննարկմանը չի մասնակցելու:

Իմ կարծիքով, նա չի ցանկացել մասնակցել պանելային քննարկմանը մի քանի պատճառներով. նախ սեփական երկրի ու տարածաշրջանի անվտանգության առումով ասելիք չունի:

Երկրորդ` վախենում է, որ Ալիևի հետ դեբատներում, իր ներկայությամբ կրկին կխոսվի ու ամբողջ աշխարհին պարզ կդառնա, որ Նիկոլը տվել է համաձայնություն` Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմ հանձնելուն: Չմասնակցելով` նա կամ իր ԱԳՆ-ն հետո կհերքեն և կասեն, որ Ալիևը ճիշտ չի ասում: Իսկ Ալիևի ներկայությամբ, ամենայն հավանականությամբ` չի կարողանում նման բան ասել:

Երրորդ` Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում ստիպված չի լինի լսել թեմատիկ քննարկում, որտեղ հավանաբար կխոսվի նաև հայ-թուրքական «գործընթացի» ստորացուցիչ պայմանների և նրա հետևանքների մասին:

Չորրորդ` Նիկոլը վախենում է անատամ հայտարարություններ անել մի միջավայրում (Մյունխենի համաժողով), որն ի սկզբանե թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի և Իրանի դեմ:

Եվ հինգերորդ` ինչպե՞ս է ձևակերպելու Քաշաթաղի (Լաչինի) ճանապարհի փակ լինելը, որը նաև տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի հարց է: Հո կրկին չի ասելու ռուսներն են մեղավոր, այնպես ինչպես ներքին լսարանի համար է ասում:

Հիմա հարց կտաք, այդ դեպքում ինչո՞ւ է գնացել Մյունխեն:

Կարծում եմ, գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ Ռուսաստանի դեմ հակամարտության հետագա էսկալացիայում իրեն և իր տխրահռչակ իշխանությանը եվրոպացիները չզոհաբերեն: Փոխարենը` պատրաստ է համաձայնվել արևմուտքի ցանկացած պահանջ-առաջարկին` ի հաշիվ Հայաստանի և Արցախի անվտանգության ու սուբյեկտայնության»:

Տեսանյութեր

Լրահոս