Ո՞ր ուղղությամբ են եռամսյա հավաքի մասնակիցները լքել դիրքերը

Փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված 6 զինծառայողներ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը:

Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

168.am-ի հավաստի տեղեկություններով, եռամսյա հավաքի մասնակիցները դիրքերը լքել են Ջերմուկի՝ դեպի Գեղարքունիք տանող հատվածում:

Հավելենք, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հունվարի սկզբին տված հարցազրույցում անդրադառնալով սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայկական զինված ուժերի գործողություններին, հայտնել էր, որ 17 վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։

«Ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի ուղղություններ: Այս գործերով 11 մեղադրյալ ունենք, որոնց մեծ մասը կալանավորված են: Եվ 4 դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունը և ուղարկել դատարան»,- նշել էր նա՝ հավելելով, որ խոսքը միջին օղակի սպաների և զինծառայողների մասին է, բարձրաստիճան սպաներ չկան:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից հայտնել էին, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի՝ 6-ը կալանավորված է, և, որ նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից ասել էին, որ քննության առարկա են դարձել ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։

Տեսանյութեր

Լրահոս